ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«88 պատգամավորներն էլ այսօր տոտալ վերահսկվում են Փաշինյանի կողմից»

«88 պատգամավորներն էլ այսօր տոտալ վերահսկվում են Փաշինյանի կողմից»
29.01.2019 | 03:54

Վերջին շրջանում իրար հաջորդող խնդիրների մեջ կառավարությունը կարծես մոլորվել է: Սկզբում աբսուրդային պարգևավճարները, հետո ամենակարևորը` ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներ:
Այս թեմաների վերաբերյալ իշխանության կցկտուր, հաճախ անհասկանալի բացատրությունները չբավարարեցին հանրությանը, շարունակում են բազմաթիվ հարցեր մնալ: Քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ շոշափեցինք ներքին խնդիրները:

-Իշխանության այն բացատրությունները, որ տրվում են հանրությանը վերջին աղմկոտ թեմաների, ղարաբաղյան հակամարտության շուրջ, ի՞նչ եք կարծում, մարդկանց բավարարու՞մ են: Ժողովրդական իշխանությունը խոստանում էր թափանցիկ աշխատել, ոչինչ չանել ժողովրդի թիկունքում, ապահովվա՞ծ է այդ թափանցիկությունը:
-Այս հարցին լավագույն ու ճշգրիտ պատասխան կարող են տալ սոցիոլոգները: Սակայն Հայաստանում վստահություն ներշնչող սոցիոլոգներ չկան, դրա համար դժվար է ասել, թե այդ բացատրությունները որքան են բավարարում հանրությանը: Իհարկե, պարգևավճարները հետաքրքրում են հանրությանը, բայց կան ավելի լուրջ հարցեր, որոնց լուծումները այս պահի դրությամբ իշխանությունները չեն նշում: Ներդրումները և աշխատատեղերն ավելի են հետաքրքրում մարդկանց, քան պարգևավճարները: Ոչ թե պարգավևավճարներ ստանալու հանգամանքն է մարդկանց զայրացրել, դժգոհության առիթ տվել, որովհետև նախկինում էլ այդպես է եղել, այլ այն, որ այդ մարդիկ անգամ մեկ տարի լիարժեք չեն աշխատել ու մեծ պարգևավճարներ են ստացել: Իսկ էական հարց է ներդրումների բացակայությունը, չնայած իշխանությունները մշտապես խոստանում են, թե ներդրումներ կլինեն, բայց այդպես էլ չեն լինում:
-Բայց ընդամենն օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը վիճակագրություն ներկայացրեց և փաստեց, որ 2017-ի երրորդ եռամսյակի համեմատ 2018-ի երրորդ եռամսյակում եղել են 50 տոկոսով ավելի ներդրումներ: Ինչի՞ մասին են խոսում այս թվերը, եթե ներդրումներ չկան:
-Մասնագետ պետք չէ լինել հասկանալու, որ ներդրումներ չկան: Սա բոլոր քաղաքացիներն են տեսնում: Երբ խոսում ենք ներդրումների մասին, չենք դիտարկում, թե վիճակագրությամբ դրանց թիվը պակասել, թե նվազել է: Վիճակագրությունը նաև ասում է, որ 2018-ի առաջին եռամսյակում եղել է 94,2 մլն դոլար, իսկ երրորդ եռամսյակում` 75,5 մլն: Այնպես որ, ներդրումների աճ հասկանալի պատճառներով եղել է ամռան ամիսների համեմատ: Բայց խնդիրը վիճակագրությամբ թվեր գրելու մեջ չէ: Մենք շատ լավ գիտենք Հայաստանում թվերն ինչպես են գրվում: Ներդրումները պետք է տեսանելի լինեն: Ներդրում նշանակում է գործարաններ, հյուրանոցներ բացել, աշխատատեղեր ստեղծել: Այս ներդրումները պետք է լինեին մայիսի 8-ից հետո: Իսկ այն, ինչ կա, այս իշխանության ներդրումը չէ: Ներդրումներից բացի կարևոր հարց է նաև պետական հիմնարկներում տիրող իրավիճակը: Մի քանի նախարարության աշխատակիցներ չգիտեն ինչ են անելու, խոսքը սփյուռքի, գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունների մասին է: Այս ամենը նաև զուտ բարոյական դաշտում պետք է դիտարկել: Մեծ խնդիր են նաև հարկային օրենսգրքի փոփոխությունները, որն ինչպես երևում է, նախորդ իշխանության տնտեսական քաղաքականության շարունակությունն է: Բիզնես շրջանակներում լուրջ հարցեր են առաջանում, թե տնտեսական ապագա վեկտորն ինչպիսին պետք է լինի: Սրանք հարցեր են, որոնք լրատվամիջոցների ուշադրությունից դուրս են մնացել: Փոխարենը պարգևավճարների մասին հարցը լրատվամիջոցներում կարծես արհեստականորեն պահպանվում է: Ճիշտ է, դրանք քննադատության հարց են, բայց իրականում հրատապ չեն:
-Դուք խոսեցիք ներդրումներից, և եթե վերհիշենք հեղափոխության առաջին ամիսները, Փաշինյանը հայտարարեց, որ սպասվում է ներդրումային բում, մարդիկ ճամպրուկը ձեռքներին սպասում են, թե երբ են գալու Հայաստան, որ ներդրումներ անեն: Սակայն մենք ոչ բում տեսանք, ոչ էլ շոշափելի ներդրումներ: Ինչու՞ օտարերկրյա ներդրումներ չկան, չե՞ն վստահում այս իշխանություններին:
-Կապիտալն ազգություն չի ճանաչում, եթե ներդրումների համար համապատասխան մթնոլորտ լինի, և սփյուռքհայերը, և օտարերկրացիները ներդրումներ կանեն: Զուտ հայրենասիրությունից ելնելով, կարող են մի փոքր խանութ բացել, ոչ ավելի: Ներդրումներ չլինելու ավելի խոր պատճառներ կան: Ներդրումների մասին հայտարարելը մեկ բան է, գործնականում այն անելը` լրիվ այլ: Խոշոր ներդրումներ անելու համար պետք է հստակեցում տեսնել այդ երկրում: Պետք է գլոբալ դիտարկել երկրի վիճակը տնտեսական ինտեգրացիոն տարբեր հարցերում, ինչ շուկա ունի, հարկային ինչ համակարգ ունի և այլն: Պետք է հստակ լինեն նաև քաղաքական հարցերը, թե Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ Հայաստանն ինչ հարաբերություններ ունի: Ներդրողները գալու են ԵՄ-ից, ԱՄՆ-ից կամ Չինաստանից, Ռուսաստանից ներդրողներ չեն գալու, որովհետև հենց այդ երկիրը ներդրողների մեծ կարիք ունի: Իսկ ռուսահայ կապիտալն էլ Հայաստան չի գալիս, որովհետև քաղաքական խնդիրներ կան: ԵՄ-ն էլ չեզոք, դիտորդի կարգավիճակ է ընդունել, ԱՄՆ-ին էլ այդքան չի հետաքրքրում Հայաստանի տնտեսական դաշտը: Մեծ հաշվով ոչ մեկին, այդ թվում ԱՄՆ-ին, չպետք է հետաքրքրի Հայաստանը, այլ Հայաստանը պետք է հետաքրքրվի այդ երկրից եկող ներդրումներով, ուժեղը նրանք են: ԵԱՏՄ-ից էլ ներդրումներ չեն լինի, ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը, ոչ էլ Ղրղզստանը ներդրումներ չեն անի: Մնում է միայն ռուսահայ կապիտալը, նրանք էլ ներդրումներ անելու համար պետք է Ռուսաստանի իշխանությունների «դաբրոն» ունենան: Որքան երևում է` այդ թույլտվությունը նրանք չունեն: Այս ամենի ամենամեծ պատճառն այն է, որ այս բոլոր երկրները չգիտեն, թե Հայաստանն այսօր տնտեսական ինչ քաղաքականություն է վարում: Ի դեպ, եթե նկատեցիք, Արևելյան գործընկերության պայմանագրով Հայաստանը 13 մլրդ եվրոյից ամենաքիչն է ստացել` 700-ից մի փոքր ավելի մլն դոլար:
-Ներդրումների բացակայությունը իշխանության ներկայացուցիչները անգամ պայմանավորեցին խորհրդարանական ընտրություններով: Այսօր Փաշինյանն ունի անծայրածիր իշխանություն, խորհրդարանական ընտրություններն էլ հեռվում են, ինչու՞ է ամեն ինչ նույնը մնացել:
-Ներդրումներն ընդհանրապես այդ ընտրությունների հետ կապ չունեն: Խորհրդարանական ընտրություններն ինչ-որ չափով կարող էին դերակատարում ունենալ, բայց այն թիմը, որն այսօր խորհրդարանում է, չի կարող հստակություն հաղորդել իրավիճակին: 88 հոգին էլ այսօր տոտալ վերահսկվում են մեկ մարդու կողմից: ՀՀԿ-ն գնաց, խանգարող ուժը գնաց, բայց եկողը չօգնող է: Խանգարողը գնաց, չօգնողը եկավ: Անորոշությունը պայմանավորված է վարչապետով, նա մի օր մի բան կասի, հաջորդ օրը` լրիվ այլ բան, իսկ կապիտալը հստակություն է սիրում: Ավելի լավ է լինի բռնապետություն, ինչպես Չինաստանում, որտեղ միլիարդավոր ներդրումներ են լինում, քան լինի ժողովրդավարական ընտրությամբ ձևավորված Հայաստանի իշխանական համակարգ, փաստացի անձնիշխանություն և ոչ հստակություն: Մարդիկ չեն կարող հասկանալ` ինչ է ուզում այս մարդը: Ինչ քաղաքական օրակարգ ունենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի հետ, Իրանի հետ որևիցե հարաբերություն չկա, էլ չենք խոսում հակաիրանական երևույթներից: Արաբական աշխարհի հետ ընդհանրապես հարաբերություններ չկան, Լատինական Ամերիկայի տեղը երևի անգամ չգիտեն: Չինաստանի պես հզոր երկրի հետ էլ ոչ մի հարաբերություն չկա, մյուսների մասին էլ չեմ խոսում: Տարբեր աղբյուրներ նշում են, որ ԵՄ-ն արդեն սկսել է կասկածել Հայաստանի մոտիվացիային, որքան էլ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել, այդ երկրում դեռ նրան չեն վստահում: Սրա լավագույն ապացույցն այն է, որ Դավոսից հետո Մոսկվա գնացած Փաշինյանին Պուտինը չընդունեց: Սա ոչ թե Հայաստանի վարչապետի այցն էր Ռուսաստան, այլ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնած երկրի ղեկավարի, իսկ որ այդ միությունը Ռուսաստանի համար շատ կարևոր է, կասկածից վեր է: Եթե անգամ հինգ րոպե Պուտինը ժամանակ չի գտնում ընդունելու Փաշինյանին, սա հստակ մեսիջ է: Մի դիտարկում էլ. Դավոսում Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Անգելա Մերկելի հետ: Թեև պատճառ է բերվում, թե շուտով կգնա, կհանդիպի, բայց ընդունված է, որ եթե գնում ես երկիր, ու դրանից մեկ-երկու օր առաջ հնարավորություն կա այդ երկիր ղեկավարին հանդիպելու, առիթը բաց չեն թողնում քննարկելու որոշ հարցեր, թեկուզ իմիջային շտրիխների համար: Բայց այդ հանդիպումն էլ չեղավ: Ավելին, վարչապետ ընտրվելու կապակցությամբ ոչ Մերկելը, ոչ Մակրոնը չեն շնորհավորել Փաշինյանին: Իսկ այս բոլոր ներբությունները ներդրողներն ընկալում են և զգուշավորություն ցուցաբերում:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ